Նոյեմբերի 13-ին, հերթական «դատավարության» ժամանակ, Ադրբեջանի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար։ Դատախազությունը պահանջել է նաև, որ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեն 20 տարվա ազատազրկման:               
 

Քաղաքային էտյուդներ

Քաղաքային էտյուդներ
03.11.2024 | 20:20

Տարիներ առաջ Գ․ Սունդուկյանի անվան Մայր թատրոնի գլխավոր ռեժիսոր Խորեն Աբրահամյանի առանձնասենյակում կարդում էի իր հանձնարարականով Գ․ Սունդուկյանի պիեսներից մեկի նորովի մշակած իմ սցենարը։ Ներկա էին թատրոնի նկարիչ Ե․Սաֆրոնովը, գեղարվեստական մասի բաժնի վարիչ Հենրիկ Բախչինյանը։

Այդ օրը, այդ նույն ժամին Երևանի «Արարատը» խաղում էր Կիևի «Դինամոյի» հետ։ Թատրոնի որոշ աշխատակիցներ և դերասաններ միջանցքում հեռուստացույցով դիտում էին խաղը, որտեղից հստակ լսվում էր ֆուտբոլի մեկնաբան Սուրեն Բաղդասարյանի պաթետիկ և տագնապախռով ձայնը։

Թատրոնի դերասանները հաճախակի էին մտնում Խորեն Աբրահամյանի առանձնասենյակ և «Խորե՛ն Բաբկենիչ» հարգալից դիմելաձևով ընդհատում սցենարի ընթերցանությունը։ Մի պահ ներս մտավ թատրոնի տնօրեն Վրեժ Հակոբյանը։

-Ո՞նց ա հաշիվը,- հարցրեց Աբրահամյանը խռպոտ ձայնով։

-Զր՛ո-զրո՛, Խորե՛ն Բաբկենիչ։ -

-Լա՛վ,-ասաց Խորեն Բաբկենիչը։ Վրեժ Հակոբյանը դուրս եկավ։

Շարունակում էի ընթերցանությունը, բայց ներկաների ուշադրությունը կիսով չափ միջանցքում էր։

Քիչ անց միջանցքում միաձայն գոռացին «գո՜ ո՜լ»։ Վրեժը ուրախ-ուրախ իրեն գցեց Խորեն Աբրահամյանի առանձնասենյակ։

-Ո՞վ խփեց գոլը,- հրճվանքով հարցրեց Խորեն Աբրահամյանը։

-Խորենը վա՜րպետորեն փոխանցեց, Բաբկենը հետադարձ հարվածով խփեց, Խորե՛ն Բաբկենիչ,- արագ-արագ ասաց Վրեժ Հակոբյանը։

Խոսքը այդ տարիների «Արարատի» վարպետներ Խորեն Հովհաննիսյանի և Բաբկեն Մելիքյանի մասին էր։ Այնքան մեծ էր ուրախությունը, որ չնկատվեց անուների այս եզակի ու ինքնատիպ զուգադիպությունը։

Հետո, երբ Հենրիկ Բախչինյանի հետ դուրս եկանք թատրոնից, փողոցում նմանակելով կրկնեցի Վրեժ Հակոբյանի՝ «Խորենը վա՜րպետորեն փոխանցեց, Բաբկենը հետադարձ հարվածով խփեց, Խորե՛ն Բաբկենիչ» խոսքերը, զարմացած նայեց ինձ․․․ ու մի լավ զվարճացանք։

Արամ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հ․ Գ․

Հետո Խորեն Բաբկենիչին էին պատմել, ծիծաղել էր ու իմ մասին յուրահատուկ լավ խոսքեր էր ասել, որոնց հրապարակումը կարծում եմ կստվերի ինքնաբերաբար ծնված այս փոքրիկ երգիծական մանրաքանդակի տպավորությունը։

Դիտվել է՝ 6748

Մեկնաբանություններ